DAVID MELIKYAN
15:30 18-03-2009 ARFD Activities
[изображение]

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել 20-րդ դարասկզին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճիրը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ բանաձեւ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

Ներկայացուցիչների պալատի 70 անդամների աջակցությունը վայելող բանաձեւի համահեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Ջորջ Ռադանովիչը եւ Մարկ Քըրքը: Նոր` 252-րդ բանաձեւում, որը գրեթե չի տարբերվում նախորդ` 106-րդ բանաձեւից, կոչ է արվում «1915-ի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն»:

«Մեկուկես միլիոն հայեր կանխամտածված սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Եթե մենք մտադիր ենք վերջ դնել Դարֆուրի ցեղասպանությանը եւ կանխել ապագա ցեղասպանությունները, ապա պետք է դատապարտենք մարդկության դեմ այդ հանցագործությունները, որտեղ եւ երբ էլ դրանք կատարված լինեն: Ցեղասպանության ժխտմանը համամասնակից լինելը հակասում է եւ միշտ էլ հակասելու է մեր ազգային շահերին: Քանի դեռ կենդանի են Ցեղասպանությունը վերապրած անգամ մի քանի հայեր, մենք բարոյական պարտականություն ունենք հիշելու անցյալը»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նոր բանաձեւի հեղինակներին ու նրանց սատարող կոնգրեսականներին հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` բոլոր հայերի անունից հույս հայտնելով, որ առաջիկայում նախագահ Օբաման կկատարի իր խոստումը, սատար կկանգնի այս նոր բանաձեւին, եւ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: